Հռիփսիմեան վարժարանի վարժուհինոցը, 1910–11 թթ.: Սեւ-ճերմակ այս պատկերը գունաւորուած է MyHeritage.com-ի միջոցաւ եւ վերաշխատցուած է Յուշամատեանի կողմէ։

Կարին/Էրզրում – Դպրոցներ I

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 06/05/24 (վերջին փոփոխութիւնը՝ 06/05/24)

Կարին քաղաքի եւ գաւառակի հայ բնակչութիւնը XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբներին

Կարին (Էրզրում) քաղաքը Օսմանեան կայսրութեան համանուն նահանգի եւ համանուն գաւառակի վարչական կենտրոնն էր: Տարածքով մօտաւորապէս համապատասխանում էր պատմական Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի արեւելքում ընկած Կարինի գաւառին: Աշխարհագրական առումով ընդգրկում էր Հայկական բարձրաւանդակի Արեւմտեան Եփրատ գետի վերին հոսանքում գտնուող Կարնոյ կամ Էրզրումի դաշտը (երկարութիւնը` մօտ 40 կմ, լայնութիւնը` 20-30 կմ, բարձրութիւնը` 1800-2000 մետր) [1]:

Ըստ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցի տուեալների` Կարին քաղաքում ապրում էր 11 735 հայ, որից 10 733-ը՝ առաքելական, 754-ը` կաթոլիկ եւ 248-ը` բողոքական: Գաւառակի տարածքում հայաբնակ էր 46 բնակավայր` 25 749 շունչ հայ բնակչութեամբ, այդ թւում 25 135-ը` առաքելական եւ 610-ը` կաթոլիկ [2]: Հայերը կազմում էին քաղաքի ընդհանուր բնակչութեան մօտ 25%-ը [3], իսկ գաւառակի ընդհանուր բնակչութեան մօտ մէկ երրորդը [4]:

Էրզրում քաղաքի եւ գաւառակի կրթական կեանքի սկզբնաւորումը (XIX դ. առաջին կէս – 1878 թ.)

Ինչպէս Արեւմտեան Հայաստանի այլ բնակավայրեր, Կարինը եւս մինչեւ XIX դարի սկիզբը չի ունեցել աշխարհիկ կրթութիւն: Ուսման գործը պարփակուած էր վանքերի մէջ եւ ուղղուած էր հոգեւորականների պատրաստմանը:

Կարինում առաջին դպրոցը` Կեդրոնական կամ Մայր վարժարանը, հաստատուել է 1811 թ.` թեմի առաջնորդ Կարապետ արք. Բագրատունու նախաձեռնութեամբ: Դասերը սկզբնապէս տարուել են Ս. Աստուածածին մայր եկեղեցու բակի շինութիւններից մէկում առանձնացուած սենեակներում (մէկական սենեակ տղաների եւ աղջիկների դասարանների, մէկ սենեակ մանկապարտէզ-ծաղկոցի համար) [5]:

Կեդրոնական վարժարանի ստեղծմանը զուգահեռ` 1820-ական թթ. Կարինում ի յայտ են գալիս նաեւ անհատական դպրոց-«դասարաններ»` այսպէս կոչուած «տունտեղ»եր, որոնցում ուսուցում էին իրականացնում անհատ եկեղեցականներ եւ աշխարհականներ [6]: Առանձին տիրացուներ կամ կին դաստիարակներ իրենց տների մէջ ընդունում էին 15-20 երկսեռ երեխայ` նրանց սովորեցնելով յանգերով կարդալ, քերականութեան տարրական կանոններ, Ժամագիրք, Նարեկ [7]:

Ըստ Կ. Պոլսի պատրիարքարանի 1834 թ. վիճակագրութեան՝ մայրաքաղաքից դուրս ամբողջ Օսմանեան կայսրութեան տարածքում կար 114 հայկական դպրոց: Գաւառական դպրոցների թւում յիշատակւում է նաեւ Էրզրումում գործող երկու վարժարան (ցաւօք, դրանց անունները, աշակերտների եւ ուսուցիչների թիւերը նշուած չեն) [8]:

Կարինի կրթական կեանքի յաջորդ փուլն սկզբնաւորւում է 1844–ին մայր եկեղեցու նոր շէնքի կառուցման աշխատանքների ամբողջացումից յետոյ, երբ քաղաքի հայ երեւելիներն արդէն ի վիճակի են լինում աւելի մեծ ուշադրութիւն դարձնել դպրոցների կառուցման եւ կազմակերպման հարցի վրայ: 

1848 թ. Կարնոյ առաջնորդ Մկրտիչ ծ. վրդ. Սարաֆեանը վերակառուցում է մայր վարժարանի համար նախատեսուած շինութիւնները` առանձնացնելով երկու ընդարձակ սենեակ` մէկը տարրական դպրոցի, միւսը` ընտելարան-ծաղկոցի համար [9]: 1840-50-ական թթ. դպրոցներ են բացւում նաեւ գաւառակի առաւել խոշոր հայաբնակ գիւղերում (Ձիթող, Չիֆթլիկ, Կան եւ այլն) [10]: 

1850-ական թթ. Կարնոյ դպրոցների առաջադիմութեան ուղղութեամբ մեծ աշխատանք է տանում առաջնորդ Գրիգորիս եպս. Զօրաբաբէլեանը (պաշտօնավարման տարիները` 1847–1848, 1851–1859): «Ինք Պօլսեցի եւ ուսումնական անձնաւորութիւն, դպրոցներուն մօտէն կը հետեւի, եկեղեցական ուսմունք եւ երգեցողութիւն անձամբ կ’աւանդէ», կարդում ենք վկայութիւններից մէկում [11]:

1858 թ. Զօրաբաբէլեանի նախաձեռնութեամբ Կարինի մայր եկեղեցուն կից բացւում է Ժառանգաւորաց վարժարանը [12] (տեսուչ` Մամբրէ ծ. վրդ Մամիկոնեան) [13]: Վարժարան է ընդունւում 18 տղայ (քաղաքից` 6, Կարնոյ դաշտի գիւղերից` 8 եւ Բասէնի գաւառից` 4) [14]:

1851 թ. Զօրաբաբէլեանը նախաձեռնում է Կարնոյ առաջին կրթամշակութային կազմակերպութեան` «Արծնեան» [15] ընկերութեան (լրիւ անունը` «Արծնեան ընկերութիւն դպրատան Կարնոյ») ստեղծումը, որի նպատակն էր կրթական գործին օգնելը «նիւթապէս եւ բարոյապէս» [16]: Ընկերութիւնը 1850-ական թթ. վերջերին Կարինում բացում է «Ընթերցասիրաց թանգարան» (գրադարան), 1869-ին` «կիրակնօրեայ դասընթացք» (կիրակնօրեայ դպրոց մեծահասակների համար), որտեղ յաճախում էր 30-40 հոգի [17]:

1860-70-ական թթ. Կարինում հիմնադրւում եւ գործունէութիւն են ծաւալում կրթամշակութային այլ ընկերութիւններ («Արշարունի ընկերութիւն» (1861), «Անձնուէր ընկերութիւն» (1869), «Ուսումնասիրաց ընկերութիւն» (1869), «Արհեստաւորաց ընկերութիւն» (1870), «Վարդանանց ընկերութիւն», «Դպրաց ընկերութիւն» եւ այլն) [18]: Նշուած եւ այլ կազմակերպութիւնները սովորաբար կարճ կեանք էին ունենում` աշխուժ գործունէութիւն ծաւալելով հիմնադրումից յետոյ 1-2 տարիների ընթացքում, այնուհետեւ մարելով կամ վերակազմակերպուելով այլ անուամբ: Նոյնպէս, ընկերութիւնների յայտարարած ծրագրերը շարունակական բնոյթ չէին կրում, յաճախ կիսատ էին իրականացւում, երբեմն ընդհանրապէս մնում էին թղթի վրայ` կեանքի չկոչուելով: 

1860-ական թթ. սկզբներին Կարնոյ թեմի մէջ իւրացւում եւ գործածութեան են դրւում Ազգային սահմանադրութեան դրոյթները: Դրանց հիման վրայ հաստատուած կրթական գործերի կառավարման համակարգը գործում է մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը: Կարին քաղաքը, գաւառակի հայաբնակ գիւղերն օժտւում են համայնքային («ազգային») ընտրովի մարմիններով (Քաղաքական ժողով, Ուսումնական խորհուրդ, թաղական խորհուրդներ), որոնք մեծապէս նպաստում են եկեղեցական եւ կրթական գործերի կանոնաւորմանն ու առաջադիմութեան [19]:

1859 թ. Կարինում տեղի է ունենում երկրաշարժ, տուժում է նաեւ վարժարանի շէնքը: Դրանից ելնելով` Կարնոյ առաջնորդ Յարութիւն եպս. Վեհապետեանը (պաշտօնավարման տարիները` 1859–1879) 1864 թ. ամռանը նախաձեռնում է քաղաքի կրթական մայր հաստատութեան համար նոր շէնքի կառուցումը: Առաջնորդն անձամբ է դպրոցի համար դրամ հանգանակում` «շուկայէ շուկայ խանութ կամ վաճառանոց շրջագայելով» [20]: Շինարարութեան համար հիմնական գումարները յատկացնում է տեղացի մեծահարուստ քիւրքչիբաշի (կաշեգործների համքարութեան գլուխ) Յակոբ աղա Մակարեանը [21]:

Վարժարանը նոր շէնք է տեղափոխւում 1866 թ. գարնանը: Նորամուտի կապակցութեամբ որոշւում է կրթական հաստատութեանը տալ «Արծնեան վարժարան» անունը` ի յիշատակ եւ յոգեկոչում XI դարում սելջուկ-թուրքերի աւերած Արծն քաղաքի [22]: Նորաբաց Արծնեան վարժարանին է միացւում արդէն յիշատակուած Ժառանգաւորաց վարժարանը [23]:

Արծնեան վարժարանի շէնքի կառուցումը յաջողութեամբ աւարտելուց յետոյ Վեհապետեանը եւ ազգային իշխանութիւնները անցնում են իգական սեռի համար առանձին կրթօջախի ստեղծման աշխատանքներին: Նորակառոյց երկյարկանի շէնքում 1870 թ. բացւում է Սրբոց Թարգմանչաց աղջկանց վարժարանը, որը մի քանի տարի անց` 1875 թ., վերակազմակերպւում եւ վերանուանւում է Հռիփսիմեան վարժարան [24]:

1870 թ. Կարինի Չայղարա արուարձանում մեծահարուստ Սողոմոն Տէր Ազարեանի կտակած միջոցներով ստեղծւում է Տէր Ազարեան դպրոցը [25], որպէսզի թաղի երեխաները ստիպուած չլինեն խստաշունչ ձմեռներին գնալ քաղաքի կենտրոնում գտնուող մայր վարժարան [26]: Շարունակւում են գաւառակի հայաբնակ գիւղերում դպրոցների ստեղծման աշխատանքները:

Ըստ Պոլսոյ պատրիարք Ներսէս արք. Վարժապետեանի հրահանգով 1878 թ. պատրաստուած վիճակացոյցի տուեալների` Էրզրում քաղաքում եւ գաւառակում գործում էր 36 հայկական կրթական հաստատութիւն, որից քաղաքում` 4 (Արծնեան ուսումնարան, Հայկեան ծաղկոց, Թորգոմեան ուսումնարան, Հռիփսիմեան ուսումնարան եւ ծաղկոց), գաւառակի հայաբնակ գիւղերում` 32: Աշակերտների ընդհանուր թիւը 2865 էր, որից 1100-ը` քաղաքում, 1765-ը` գիւղերում (ուսուցիչների թիւը, ցաւօք, նշուած չէ) [27]:

Կարինի կրթական կեանքը 1880-90-ական թթ.: Սանասարեան վարժարանի հիմնադրումը

1878 թ. ռուս-թուրքական պատերազմից եւ Հայկական հարցի՝ միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտնելուց յետոյ արեւմտահայութեան շրջանում մեծ կարեւորութիւն են ստանում ազգային ինքնագիտակցութեան եւ ազգային հաւաքական իրաւունքների նկատմամբ պահանջատիրութեան գաղափարները: Դպրոցն սկսում է դիտարկուել որպէս հայկական ազգային զարթօնքի եւ մտաւոր վերածննդի խոշորագոյն ազդակ: Դրանից ելնելով` արժեւորւում է ազգային ոգով կրթութեան կազմակերպման եւ զարգացման հարցը, է՛լ աւելի են կարեւորւում հայկական դպրոցական ցանցի ընդլայնման, կարող ուսուցիչների պատրաստման, դպրոցական ուսումնական ծրագրերի բարելաւման եւ կրթական համակարգի ընդհանուր զարգացմանն առնչուող այլ հարցերը [28]: 

Կարնոյ կրթական կեանքի զարգացման նոր փուլ է դառնում Մաղաքիա ծ. վրդ. Օրմանեանի առաջնորդութեան ժամանակաշրջանը (1881–1887): Գիտական եւ մանկավարժական լայն պատրաստութիւն ունեցող այս հոգեւորականն իր առաջնորդական գործերին զուգընթաց եռանդուն կերպով զբաղւում է քաղաքի եւ գիւղերի ազգային վարժարանների բարեկարգութեամբ: Պոլսից եւ այլ վայրերից Կարին են հրաւիրւում կարող ուսուցիչներ, պատրաստւում եւ դպրոցներում են ներդրւում կրթական ծրագրեր եւ ներքին կանոնագրեր: Օրմանեանն անձամբ դասեր է ստանձնում Արծնեան վարժարանի բարձրագոյն դասարաններում, ուսուցիչներ պատրաստելու համար կազմակերպում է առանձին դասընթացներ` հանդէս գալով դասախօսութիւններով եւ փորձնական դասեր տալով [29]:

Կարնոյ եւ ամբողջ Արեւմտեան Հայաստանի կրթական կեանքում անկիւնադարձային իրադարձութիւն է դառնում 1881 թ. Սանասարեան վարժարանի հիմնումը` ռուսահայ մեծահարուստ Մկրտիչ Սանասարեանի (1818–1889) տրամադրած միջոցներով: Այս կրթական հաստատութեան ստեղծման գլխաւոր նպատակն է հռչակւում «գաւառներու համար յարմար ուսուցիչներ եւ տեղական արհեստից զարգացման օգնելու կարող անհատներ պատրաստել»ը [30]:

Ուսումնական առաջին տարում (1881–82) վարժարան է ընդունւում 19 երեխայ, իսկ արդէն 1886–87 ուսումնական տարում, երբ վարժարանը տալիս է իր առաջին շրջանաւարտներին, աշակերտների թիւը հասնում էր 158-ի, որից ձրիավարժ էին 35-ը [31]:

Իր միջոցներով հիմնադրուած վարժարանի ընթացքին ծանօթանալու նպատակով 1885-ին Կարին է այցելում Մկրտիչ Սանասարեանը: Նա արժանանում է տեղացի հայերի ջերմ ընդունելութեան: Ի պատիւ բարերարի տրուած ճաշկերոյթին մասնակցում են Կարնոյ կուսակալը (վալի), զինուորական հրամանատարը, քաղաքում հաւատարմագրուած օտար հիւպատոսները, ինչպէս նաեւ քաղաքի բոլոր երեւելիները [32]:

Մկրտիչ Սանասարեանի բարեգործական գործունէութիւնը օրինակ է դառնում Կարինի հայ մեծահարուստներից շատերի համար, որոնք աւելի պատրաստակամօրէն են սկսում աջակցել կրթական գործի զարգացմանը: 1880-ական թթ. երկրորդ կէսին հետզհետէ հաստատուն տեսք է ստանում հայկական թաղային վարժարանների եւ մանկապարտէզների ցանցը, որը գործում է մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը [33]: Այսպէս, 1885 թ. մեծահարուստ Մկրտիչ էֆենդի Աղապալեանի միջոցներով «Կանայ-ճամբայ» [34] թաղի մէջ բացւում է Աղապալեան վարժարանը եւ 1889 թ. Հաճի աղա Մսրեանի հովանաւորութեամբ քաղաքի Նոր Թաղ թաղամասում բացւում է Մսրեան վարժարանը [35]: Նշուած կրթական հաստատութիւնները տարրական երկսեռ նախակրթարաններ էին` 2-3-ամեայ ուսումնական ծրագրով: Դրանք աւարտելուց յետոյ երեխաները կարող էին ուսումը շարունակել համապատասխանաբար Արծնեան եւ Հռիփսիմեան վարժարաններում [36]:

Աշխուժանում են նաեւ քաղաքի կրթական կազմակերպութիւնները: Թեմի առաջնորդ Մաղաքիա ծ. վրդ. Օրմանեանի առաջարկութեամբ 1880-ի վերջերին «Վարդանանց», «Ուսումնասիրաց», «Դպրաց» եւ «Ընթերցասիրաց» ընկերութիւնները միաւորւում են` կազմելով «Բարձր Հայոց միութիւն» ընկերութիւնը: Յաջորդ տարի ընկերութեան միջոցներով Կարինում ստեղծւում են հանրային ընթերցարան (գրադարան) եւ կիրակնօրեայ դպրոց [37]: (Հետաքրքիր է, որ «Ընթերցարան միութեան Բարձր Հայոց» ցուցանակը յարուցում է Կարնոյ կուսակալի դժգոհութիւնը, եւ իշխանութիւնների կարգադրութեամբ՝ «Բարձր Հայոց» բառերը ջնջւում են [38]):

1887-ին Սանասարեան վարժարանը տալիս է իր առաջին շրջանաւարտներին, որոնցից շատերն անցնում են ուսուցչութեան Կարինի եւ շրջակայ գիւղերի հայկական դպրոցներում: Նոյն ժամանակաշրջանում ազգային վարժարանների տեսուչի պաշտօնում է նշանակւում անուանի մանկավարժ Գէորգ Չիլինկիրեանը, որը թոշակի է ուղարկում հին սերնդից մնացած, ծերացած ուսուցիչներից շատերին` նրանց փոխարինելով Սանասարեան վարժարանի երիտասարդ շրջանաւարտներով [39]:

«1887 թուականէն սկսած, տասնեակ մը տարին բաւական կ’ըլլայ, որ Կարին քաղաքը ունենայ վարժարանական գոհացուցիչ ցանց մը, կարող ուսուցիչներով: Կ’ունենայ լաւ կազմակերպուած եւ արդիական մանկապարտէզներ, երկու դասարանով նախակրթարանի բաժիններ թաղերու մէջ: Տղայոց եւ աղջկանց կեդրոնական վարժարաններ, վարժուհինոց եւ այս բոլորի կողքին Սանասարեան երկրորդական վարժարանը եւ իր մանկավարժական առանձին բաժինը»,– նշում է «Կարինապատում» աշխատութեան հեղինակ Ղազար Չարըգը [40]: 

Ըստ 1880-ական թթ. վերջերին Էրզրում այցելած ֆրանսիացի ուսումնասիրող Վիտալ Քինէի տուեալների, Էրզրում քաղաքում եւ գաւառակի հայաբնակ գիւղերում կար 16 հայ առաքելական դպրոց` 6-ը՝ քաղաքում եւ 10-ը` գիւղերում: Աշակերտների թիւը 1805 էր (այդ թւում` 1575-ը` քաղաքում, 230-ը` գիւղերում), որից արական սեռի` 1350 եւ իգական սեռի` 455, իսկ ուսուցիչների թիւը 38 էր (28 տղամարդ, 10 կին) [41]: (Համեմատութեան համար, ըստ նոյն ուսումնասիրողի տուեալների, քաղաքի եւ գաւառակի մուսուլմանական դպրոցներում ուսում էր ստանում 1403 երեխայ, դասաւանդում էր 24 ուսուցիչ) [42]:

Օսմանեան կայսրութեան հայկական գաւառական վարժարանների 1901 թ. պատրաստուած վիճակացոյցի տուեալներով՝ Կարինի գաւառակում գործում էր 26 թաղային-ծխական («ազգային») վարժարան, որոնցից 6-ը` քաղաքում եւ 16-ը` գաւառակի հայաբնակ գիւղերում (գումարած` Կարինի Կարմիր վանքում ստեղծուած «ազգային» որբանոցը, որի ծախսերը հոգում էր պատրիարքարանը): Վերոնշեալ կրթական հաստատութիւնների աշակերտների համագումար թիւը 3 134 էր, որից 1 956-ը՝ տղայ, 1 178-ը՝ աղջիկ: Աշակերտների վերոնշեալ թուից 1840-ը ուսանում էր Կարին քաղաքի 6 կրթական հաստատութիւններում, 1 294-ը` գաւառակի 20 հայաբնակ գիւղերի դպրոցներում եւ Կարմիր վանքի որբանոցում: Ուսուցչական կազմի համագումար թիւը 85 էր, որից 44-ը՝ տղամարդ, 41-ը՝ կին [43]:

Օրմանեանի գործը շարունակում եւ Կարինի կրթական հաստատութիւնների զարգացման ուղղութեամբ մեծ աշխատանք է տանում թեմի 1898–1907 թթ. առաջնորդ Զաւէն ծ. վրդ. Տէր Եղիայեանը: Մասնաւորապէս, նրա օրօք` 1905-ին բացւում է Կարինի թաղային վերջին նախակրթարանը` Գաւաֆեան վարժարանը:

Ուսումնասիրող Յովհաննէս Տէր-Մարտիրոսեանի (Ա-Դօ) տուեալներով (աղբիւր` Կարինի առաջնորդարան) 1908-09 թթ. Էրզրումի գաւառակում գործում էր 50 հայկական թաղային-ծխական վարժարան, որից 10-ը` քաղաքում, 40-ը (22-ը` արական, 18-ը` երկսեռ)` գաւառակի հայաբնակ գիւղերում: Աշակերտութեան ընդհանուր թիւը 4 000 էր (2788 տղայ, 1 212 աղջիկ), որից 2 168 -ը (1193 տղայ, 975 աղջիկ) յաճախում էր քաղաքի, 1 832-ը (1595 տղայ, 237 աղջիկ)` գաւառակի դպրոցները: Գաւառակի բոլոր դպրոցներում ուսուցիչների եւ այլ աշխատողների թիւն էր 182 (131 տղամարդ, 51 կին), որից 112-ը (64 տղամարդ, 48 կին) քաղաքում, 70-ը (67 տղամարդ, 3 կին) գիւղերում (միայն ուսուցիչների թիւը 120 էր) [44]:

Կարնոյ կրթական կեանքը 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ

1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնը եւ դրան յաջորդած հասարակական–քաղաքական կարգերի ազատականացումը աշխուժութիւն են մտցնում Կարնոյ կրթական կեանքում: Հիմնադրւում եւ սկսում են եռանդուն գործունէութիւն ծաւալել տասնեակից աւել կրթամշակութային կազմակերպութիւններ, որոնցում ներգրաււում են Սանասարեան եւ Արծնեան վարժարանների աւագ դասարանների աշակերտներ, շրջանաւարտներ, երիտասարդ ուսուցիչներ («Հայ երիտասարդական միութիւն» (1908), «Սանասարեան աշակերտական միութիւն» (1908), «Կարնոյ ուսումնասիրաց միութիւն» (1908) [45], «Հռիփսիմեան օրիորդաց միութիւն» (1908), «Կրթասէր հայուհեաց միութիւն» (1909), «Ջանասէր հայուհեաց միութիւն» (1909) [46], «10 փարանոց» ընկերութիւն» (1910) [47], «Դպրոցասիրաց ընկերութիւն» (1911), «Կրթասիրաց միութիւն» (1911), «Մարմնամարզական միութիւն» (1912) եւ այլն) [48]:

Այս կառոյցներից յատկապէս լայն գործունէութիւն է ծաւալում «Հայ երիտասարդական միութիւնը», որը, մասնաւորապէս, կազմակերպում է երեկոյեան վարժարան եւ դասընթացներ, որտեղ որպէս դասախօս հանդէս էին գալիս Սանասարեան վարժարանի շրջանաւարտները [49]:

Նշուած ժամանակաշրջանում Կարնոյ կրթական կեանքում սկսում է մեծ դեր խաղալ ընդյատակից դուրս եկած «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւնը: 1911 թ. Կարնոյ ազգային վարժարանների ընդհանուր տեսուչի պաշտօնում է ընտրւում դաշնակցական նշանաւոր գործիչ Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) (1867–1919), ով մեծ աշխատանք է տանում քաղաքում եւ գաւառակի հայաբնակ գիւղերում հայկական կրթութեան զարգացման ուղղութեամբ [50]:

Կարին է մուտք գործում նաեւ Միացեալ ընկերութիւնը («Միացեալ ընկերութիւնք հայոց»), որն իր տնօրինութեան տակ է վերցնում եւ վերակազմակերպում է Օձնի եւ Ձիթող գիւղերի հայկական դպրոցները [51]: 1910 թ. ամռանը Միացեալ ընկերութիւնը Կարինում կազմակերպում է ուսուցիչների համար Գիւղատնտեսական եւ Մանկավարժական ամառային դպրոց («ամառային վարժապետանոց»), որի 17 կանոնաւոր մասնակիցների համար դասախօսութիւններ են ներկայացւում եւ գործնական պարապմունքներ իրականացւում գիւղատնտեսութեան, ուսուցման եղանակների, մանկավարժութեան պատմութեան եւ տարրական հոգեբանութեան թեմաներով [52]:

Ազգանուէր հայուհեաց ընկերութեան հովանաւորութեամբ` 1910-ին Հռիփսիմեան վարժարանին կից բացւում է վարժուհինոց, որտեղ վերապատրաստւում էին Կարին քաղաքում եւ գիւղերի հայկական դպրոցներում դասաւանդող կին ուսուցիչները [53]:

1909 թ. նոյեմբերին ուսուցիչների համար մանկավարժական դասընթացների շարք է նախաձեռնում նաեւ Սանասարեան վարժարանը (մանրամասն տե՛ս Սանասարեան վարժարանի մասին բաժինը):

Կարին քաղաքի ու գաւառակի հայկական դպրոցների եւ հայ աշակերտների թուաքանակի վերաբերեալ ամբողջական տուեալներ պարունակող, ժամանակագրական առումով Հայոց ցեղասպանութեանն առաւել մօտ մեզ հասու աղբիւրն է Պոլսոյ պատրիարքարանի հրահանգով 1913 թ. պատրաստուած վիճակացոյցը: Ըստ վերոնշեալ աղբիւրի` քաղաքում եւ գաւառակում գործում էր 52 հայկական կրթական հաստատութիւն (առաքելական, կաթոլիկ եւ բողոքական ներառեալ), որտեղ յաճախում էր 6 355 երեխայ: Քաղաքում գործում էր 7 հայ առաքելական, 3 հայ կաթոլիկ եւ 2 հայ բողոքական կրթական հաստատութիւն` 2 595 աշակերտով [54], իսկ գիւղերում կար 37 գործող դպրոց` 3 726 աշակերտութեամբ: Քաղաքի եւ գաւառակի դպրոցներում դասաւանդող ուսուցիչների ընդհանուր թիւն էր 129 հոգի [55]:

Կարին/Էրզրումի հայ կաթոլիկ դպրոցները

XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին Կարին քաղաքն ունեցել է 110-120 տուն հայ կաթոլիկ բնակչութիւն: Կաթոլիկ հայեր են բնակուել Կարնոյ դաշտի Արծաթի, Թուանջ, Հինձք գիւղերում [56]:

Կարինում կաթոլիկ հայերի առաջին կանոնաւոր գործող արական վարժարանը հաստատում է Կարնոյ կաթոլիկ հայերի առաջնորդ Ստեփան եպս. Մելքիսեդեկեանը, որի ջանքերով 1867 թ. կառուցւում է վարժարանի շէնքը (երկյարկանի` «ընդարձակ, լուսաւոր եւ օդաւէտ» չորս սենեակներով) [57]: Նորակառոյց վարժարանի առաջին տեսուչն է դառնում Վիեննայի Մխիթարեան միաբանութեան անդամ Համազասպ վրդ. Չամանեանը:

1869-ին Ստեփան եպս. Մելքիսեդեկեանը Կարինում հիմնադրում է նաեւ կաթոլիկ կուսանոց («Անարատ յղութեան քոյրերի» (Sœurs de l’Immaculée Conception)) եւ Պոլսից հրաւիրում մայրապետների, որոնք 1870-ական թթ. կէսերին բացում են իգական դպրոց` Անարատ յղութեան քոյրերի վարժարանը [58]:

1884-ին արական վարժարանը յանձնւում է «Քրիստոնէական դպրոցների եղբայրներ» (Frères des Écoles Chrétiennes) ֆրանսիական կրօնական-կրթական միաբանութեան անդամներին, որոնք այն տնօրինում են մինչեւ 1902 թուականը [59]:

1886-ին Մելքիսեդեկեանն ընդարձակում է Անարատ յղութեան քոյրերի վարժարանի շէնքային պայմանները` գնելով Մայրապետանոցի կողքին գտնուող տներից մէկը: 1903-ին այդ տունը քանդւում է եւ դրա տեղը կառուցւում է իգական վարժարանի նոր, երկյարկանի, ընդարձակ շէնքը [60]:

1902-ին ֆրանսիացի միաբանները թողնում են արական վարժարանի տնօրինումը եւ մեկնում Կարինից, որից յետոյ մինչեւ 1913 թ. այդ կրթական հաստատութիւնը գործում է անկանոն կերպով` մերթ փակուելով եւ մերթ վերաբացուելով [61]: Դրան համեմատ, իգական վարժարանի ընթացքն աւելի կանոնաւոր էր, շնորհիւ նրան, որ այն վարող քոյրերի մեծ մասը տեղացի հայուհիներ էին:

1913 թ. աշնանն արական վարժարանը յանձնւում է Վիեննայի Մխիթարեան միաբանութեան անդամների տնօրինութեանը (Կիւրեղ վրդ. Խոշարեան, Վահան վրդ. Մատիկեան, Թովմաս վրդ. Կէտիկեան, Արսէն վրդ. Ջնտոյեան), որոնք վերակազմակերպում եւ վերագործարկում են կրթական հաստատութիւնը [62]: 

Բացի հայ կաթոլիկների համայնքային արական եւ իգական դպրոցներից, XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբներին Կարինում գործել են նաեւ ոչ համայնքային կաթոլիկ կրթական հաստատութիւններ՝ Սուրբ Յովսէփի քոյրերի (les Sœurs de Saint-Joseph) իգական դպրոցը (1870–80-ական թթ.) եւ կապուչին (Capucins) հայրերի ֆրանսիական վարժարանը (1905–1914 թթ.), որտեղ սովորում էին հիմնականում Կարինում բնակուող օտարերկրացի կաթոլիկ ընտանիքների երեխաներ [63]:

Կարինի հայ կաթոլիկ կրթական հաստատութիւններ յաճախող երեխաների թուաքանակի վերաբերեալ մեզ հասու են 1890 եւ 1913 թթ. վերաբերող տուեալներ: Ըստ ֆրանսիացի ուսումնասիրող Վիտալ Քինէի` մօտ 1890 թ. կաթոլիկ հայերի արական դպրոցում ուսանում էր 160 տղայ, Անարատ յղութեան քոյրերի իգական դպրոցում` 90 աղջիկ: Քաղաքում գործում էր նաեւ Սուրբ Յովսէփի քոյրերի իգական դպրոցը` 80 աշակերտուհիներով: Այսպիսով, Կարինի հայ կաթոլիկ դպրոցների աշակերտների ընդհանուր թիւը, ըստ Քինէի, կազմում էր 330 հոգի, որից 160 տղայ եւ 170 աղջիկ (ներառեալ օտարազգի կաթոլիկ ընտանիքների երեխաները) [64]:

1913 թ. վիճակացոյցի տուեալներով` քաղաքում գործում էր երեք կաթոլիկ կրթական հաստատութիւն` հայ կաթոլիկների վարժարանը, որտեղ ուսում էր ստանում 45 տղայ, կապուչին հայրերի ֆրանսիական վարժարանը («École Française des P. P. Capucins» [65])` 86 տղայ աշակերտներով եւ մայրապետների իգական վարժարանը` 150 աշակերտուհիներով [66]:

Կարին/Էրզրումի հայ բողոքական դպրոցները

Ըստ 1914 թ. օսմանեան վիճակագրութեան` Էրզրումի գաւառակում կար 483 բողոքական (ազգութիւնը նշուած չէ, սակայն Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան այլ տարածքներում բողոքականութիւն էին դաւանում գրեթէ բացառապէս հայերը) [67]: 

Վիտալ Քինէի տուեալներով` մօտ 1890 թ. Կարին քաղաքում գործում էր մէկ հայ բողոքական դպրոց, որտեղ ուսում էր ստանում 50 տղայ (ուսուցիչների թիւը չի նշւում) [68]:

Ըստ 1901-ի վիճակացոյցի տուեալների` Կարինում գործում էր ամերիկեան բողոքական վարժարան` 20 աշակերտներով (7 արական եւ 13 իգական սեռի) եւ որբանոց` 109 սաներով (46 տղայ եւ 63 աղջիկ) [69]:

1913 թ. վիճակացոյցի տուեալներով` Կարին քաղաքում գործում էին երկու բողոքական կրթական հաստատութիւններ` հայ բողոքականների արական վարժարանը` 85 աշակերտով եւ ամերիկեան որբանոց-վարժարանը` 155 սաներով [70]:

  • [1] Տուեալներն ըստ Թադեւոս Խ. Յակոբեան, Ստեփան Տ. Մելիք-Բախշեան, Յովհաննէս Խ. Բարսեղեան, Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, Բ. հատոր, Դ-Կ, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, էջ 366 («Էրզրումի գաւառակ» եւ «Էրզրումի դաշտ» բառ-յօդուածներ) եւ նոյնը, Գ. հատոր, Կ-Ն, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1991, էջ 43 (Կարին քաղաք» բառ-յօդուած): 
  • [2] Յակոբ ծ. վ. Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, Կարին քաղաքը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1925, էջ 90: 
  • [3] Ա–Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան, Երեւան, տպարան «Կուլտուրա», 1912, էջ 163: 
  • [4] Յարաբերակցութիւնը հաշուարկել ենք ըստ 1914 թ. օսմանեան վիճակագրութեան (տե՛ս Tableaux indiquant le nombre des divers éléments de la population dans l’Empire Ottoman au 1er mars 1330 (14 mars 1914), Constantinople, Imp. Osmanié, 1919, p. 8):
  • [5] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 199:
  • [6] Գրիգոր Ա. Նազիկեան, Արեւմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչեւ 19-րդ դարի 50–60-ական թուականները), Երեւան, «Լոյս» հրատարակչութիւն, 1969, էջ 25:
  • [7] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 197-198: Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, Պէյրութ, տպարան «Մշակ», 1957, էջ 11:
  • [8] Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն, Ա. հատոր, Գահիրէ, տպարան Յակոբ Փափազեան, 1937, էջ 1095:
  • [9] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 199:
  • [10] 1840-ին յիշատակւում է Չիֆթլիկ գիւղի ուսուցիչ Ղազարոս վարժապետ Վահանեանը, որը 1843-ին տեղափոխուել է Կարին` դասաւանդելով մայր վարժարանում (Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 173):
  • [11] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 163: Տե՛ս նաեւ Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 133:
  • [12] «Ժառանգաւորաց» էին կոչւում հոգեւորականներ պատրաստող ուսումնական հաստատութիւնները:
  • [13] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 162:
  • [14] Գիւղերից բերուած երեխաներին օթեւան են տրամադրել քաղաքի ունեւոր հայերը (Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 220):
  • [15] Անունը վերցուած է Էրզրումի գաւառակի տարածքում տեղակայուած պատմական Արծն քաղաքի անունից, որից, ըստ որոշ վարկածի, առաջացել է նաեւ Կարին քաղաքի թուրքական «Էրզրում» («Արզն»+«ռում»` «բիւզանդացիների Արծն») անունը:
  • [16] Եփրեմ վրդ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Բ. հատոր, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 73:
  • [17] Նոյն տեղում, էջ 74-75:
  • [18] Նոյն տեղում, էջ 76-82:
  • [19] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 182:
  • [20] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 139-140:
  • [21] Նոյն տեղում, էջ 200-201:
  • [22] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 164:
  • [23] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 199:
  • [24] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 167, 241:
  • [25] Արարատ, ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական եւ բարոյական, Վաղարշապատ, 1870, մայիս, էջ 39 (Քօսեանը եւ նրան հետեւած այլ հեղինակներ որպէս վարժարանի հիմնադրման տարեթիւ սխալմամբ նշում են 1860-ը):
  • [26] Ապրօ, Նամակներ Թիւրքաց Հայաստանից, «Մշակ», Թիֆլիս, 7 հոկտեմբերի 1889, թիվ 114:
  • [27] Էմմա Ա. Կոստանդեան, «Արեւմտեան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերեալ Գ. Սրուանձտեանցի կազմած վիճակագրութիւններից», Բանբեր Հայաստանի արխիւների, Երեւան, 1976, թիւ 2, էջ 88-89:
  • [28] Շ. Բ. Ոսկանեան, Դպրոցն ու կրթութեան զարգացումը Օսմանեան Թուրքիայի հայաշատ գաղթօջախներում (1850-1920 թթ.), Երեւան, 2014, էջ 28:
  • [29] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 236:
  • [30] Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881–1901, Կ. Պոլիս, տպագրութիւն Տէր Ներսէսեան, 1903, էջ 5:
  • [31] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 231:
  • [32] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 169:
  • [33] Նոյն տեղում, էջ 168:
  • [34] Կան գիւղը գտնուել է Կարինից հիւսիս-արեւմուտք:
  • [35] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 241:
  • [36] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 247:
  • [37] Եփրեմ վրդ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 87-88:
  • [38] Նոյն տեղում:
  • [39] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 237:
  • [40] Նոյն տեղում:
  • [41] Vital Cuinet, La Turquie d’Asie: Géographie administrative, statistique, descriptive et raisonée de chaque province de l’Asie-Mineure, tome I, Paris, Ernest Leroux, 1892, pp. 142, 182.
  • [42] Նոյն տեղում:
  • [43] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ: Պատրաստեալ յՈւսումնական խորհրդոյ Ազգային կեդրոնական վարչութեան: Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, էջ 14: Նոյն վիճակագրութիւնը տե՛ս նաեւ «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանի» «Կարին, Կարնոյ աշխարհ կամ գաւառ» բառ-յօդուածում (Սուքիաս վրդ. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Բ. հատոր, Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1907, էջ 299-325):
  • [44] Հաշուարկն ըստ Ա–Դոյի, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 166-167:
  • [45] Հիմնադրուել է Ամերիկայի Միացեալ Նահանգներում, աջակցել է յատկապէս Հռիփսիմեանց վարժարանին. տե՛ս Եփրեմ վրդ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 92-93:
  • [46] Բացել է կարուձեւի արհեստանոց-դպրոց, ուր յաճախում էր 40 աղջիկ (նոյն տեղում, էջ 95):
  • [47] Նպատակն էր օժանդակել ազգային վարժարանների չքաւոր աշակերտներին: Անունն ստացել է անդամավճարի չափից (նոյն տեղում, էջ 97):
  • [48] Նոյն տեղում, էջ 90-99:
  • [49] Կազմակերպութեան մասին մանրամասն տե՛ս նոյն տեղում, էջ 90-92:
  • [50] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 452:
  • [51] Միացեալ ընկերութիւնք հայոց (1880–1908), Եռամեայ տեղեկագիր, 21 օգոստոս 1908–1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան Պապիկեան, 1911, էջ 96:
  • [52] Նոյն տեղում, էջ 130-131:
  • [53] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 242:
  • [54] Եթէ այս թուին գումարենք քաղաքի թուրքական պետական վարժարանի հայ աշակերտներին, ապա ընդհանուր թիւը 2629 հոգի է:
  • [55] Կարինի գաւառակի դպրոցների եւ աշակերտների թուաքանակն ըստ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Émpire ottoman à la veille du Génocide, Paris, ARHIS, 1992, p. 59, Կարին քաղաքի դպրոցների վիճակագրութիւնը տե՛ս` Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 244-245, ուսուցիչների թիւը տալիս ենք ըստ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում (ԵՀՊ) պահուող Պոլսոյ Տեղեկատու դիւանի արխիւի «Էրզրումի կուսակալութեան հայկական մասի վիճակագրութիւն» անունը կրող փաստաթղթի (ԵՀՊ Տեղեկատու դիւանի արխիւ, թերթ Ե 215): Տե՛ս նաեւ Տիգրան Չիթչեանի (Չիթունի) տուեալները, ըստ որի XX դարի սկզբներին Կարինի գաւառակի տարածքում հաշււում էր վանական-եկեղեցական, թաղային-ծխական կամ մասնաւոր բիւջէներով պահուող 50 վարժարան` 2788 արական եւ 1212 իգական սեռի աշակերտութեամբ (Չիթունի, Յուշիկք Հայաստանի, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1919, էջ 67 (տուեալը հիմնուած է 1887-ից առ 1904 թ. եւ 1911 թ. վերաբերող տարբեր վիճակացոյցներից եւ տարեցոյցներից քաղուած տեղեկութիւնների վրայ):
  • [56] Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 333:
  • [57] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 445:
  • [58] Նոյն տեղում, էջ 446:
  • [59] Նոյն տեղում, էջ 451:
  • [60] Նոյն տեղում, էջ 473:
  • [61] Նոյն տեղում, էջ 470:
  • [62] Նոյն տեղում, էջ 471:
  • [63] Նշուած կրթական հաստատութիւնների մասին մանրամասն տե՛ս Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 490-495:
  • [64] Cuinet, La Turquie d’Asie..., tome I, pp. 142, 182:
  • [65] Մտրակ, «Ապազգայնացումը Կարնոյ ֆրանսիական փաթէռներու քօլէճին մէջ», Ալիք, օրկան Կարնոյ Հ. Ե. Միութեան, Կարին, 24 յունիս 1914, թիւ 6, էջ 3:
  • [66] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 244:
  • [67] Kemal H. Karpat, Ottoman Population 1830-1914. Demographic and Social Characteristics, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, p. 170.
  • [68] Cuinet, La Turquie d’Asie..., pp. 142, 182.
  • [69] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14:
  • [70] Քօսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 244: Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 337-338: